Բա որ ձմեռը չլիներ, ո՞նց էինք գնահատելու տաքությունը։ Ո՞նց էինք հասկանալու տաքի ու շոգի տարբերությունը։ Ախր, տաքը ցրտի հակառակն ա, եթե ցուրտ չլիներ, մեր համար կլիներ մենակ շոգ ու ոչ շոգ։ Էդ նույնն ա, ինչ՝ մեռած ու ոչ մեռած։ Մարդու մտքով անգամ չի անցնում, որ ոչ մեռած՝ նշանակում ա կենդանի, նշանակում ա, որ ապրում ես։
Էն, որ ցրտին մտնում ես տաք վերմակի տակ, փաթաթվում ես ու մի քանի րոպեից ջերմություն զգում, ու եթե աչքերդ դեռ չեն փակվել, հանկարծ մտքովդ անցնում ա, որ ախր, վերմակը հո ջերմություն չի արտադրում, դա քո մարմնի ջերմությունն ա, այսինքն՝ քո մարմինն իր ջերմությունն ունի, քո մարմինն արևից ջերմություն ա վերցրել ու պահել իր մեջ, դու արևի մի մասնիկն ես։ Ո՞նց էինք դա զգալու, հասկանալու։ Անձմեռ երկրներում մարդիկ դա չգիտեն։ Նրանք մենակ ջերմաչափից են իմանում, որ իրանց մարմինը ջերմություն ունի, էն էլ կարծում են, թե մենակ թևի տակ ա էդ ջերմությունը։ Դա նույնն ա, ինչ ամբողջ կյանքում գոլ ջրի մեջ ապրես։
Բա որ ձմեռը չլիներ, ո՞վ էր սպասելու գարնանը։ Ախր, գարնան ամենամեծ հրաշքը հենց գարնանամուտն ա։ Կարծես երկար-երկար սպասել ես քո սիրելի էակին, ու մեկ էլ՝ դուռը բացվում ա, ու նա ներս ա մտնում։ Բա էդ պահը ո՞նց էինք զգալու, ո՞նց էինք բերկրանք ապրելու գարնան նուրբ, աննշմարելի բույրից, որ ձյան տակից գալիս ա։ Աշխարհում բողբոջած ծառից ավելի սիրուն բան չկա, բայց մշտաբողբոջ ծառն անտանելի կլիներ, ինչպես մշտահղի կինը։ Չէ՛, բողբոջը պիտի բացվի ու հետո ընկնի, էդ ա բողբոջի հմայքը՝ էդ մի քանի օրը։ Էդ մի քանի օրում նա ձմեռը գարուն ա սարքում ու տալիս ա մեզ, որ վայելենք։
Բա Նոր տարի՞ն։ Ե՞րբ էինք տոնելու՝ հուլիսի 31-ի՞ն՝ շորտերով ու սանդալներով Ամառ պապիկի հե՞տ։ Բա էդ բան ա՞։ Պատկերացնում ե՞ք դրա չորացած, փռչոտ ոտերը, որ եղջերուներով սահնակի փոխարեն՝ պիտի ինքնագլորով գար երեխեքին շնորհավորելու։ Բա երեխեքը մեղք չե՞ն, դրա տեսքից կընկնավորեին։ Հետն էլ՝ մինի հագած, քրտանած Կլուբնիկանուշը, որ րոպեն մեկ պիտի հովհարով իրան հով աներ ու ճլորած ձայնով ասեր.
- Դե՛, երեխանե՛ր, իսկ հիմա երգենք «Թող լինի միշտ արևը»... ու՜ֆ, էս ի՜նչ շոգ ա...
Բա տոնածառը։ Ախր, տոնածառի ամբողջ հմայքն էն ա, որ կանաչ ա՝ բոլոր ծառերը տկլոր են, իսկ ինքը կանաչ ա։ Իսկ ամռանն ամեն ինչ ա կանաչ։ Ուրեմն՝ տարբերության համար, պիտի մի սպիտակ բան գտնեինք, որ զարդարեինք։ Ի՞նչ պիտի գտնեինք՝ շատ-շատ տատիկի՝ անցյալ դարից մնացած, առաջին գիշերվա կարմիր խնձորով սավանը, էն էլ՝ եթե տատն էմանսիպացված չի եղել։ Եթե Կլառա Ցետկինին ու Ռոզա Լյուքսենբուրգին ճանաչել ա, ուրեմն՝ Լենինի հատորներից բացի ուրիշ բան թողած չէր լինի։
Իսկ ի՞նչ պիտի ուտեինք։ Էդ շոգին բուդ ուտե՞լ կլինի։ Էդ շոգին խմե՞լ կլինի։ Հուլիսի 31-ին՝ հենց գիշերվա տասներկուսը խփեր, պիտի բարձրացնեինք ջերմուկով լի բաժակները, խմեինք ու բխկալով՝ վրայից նազրվան վարունգ կրծեինք։ Հետո պիտի նայեինք բաստուրմա դրած վաղահաս ձմերուկին ու մեր դաժան բախտը լացեինք...
Չէ՛, ձմեռը լավ ա, ձմեռը պետք ա։ Առանց ձմռան ոչ գարուն կա, ոչ ամառ, ոչ էլ աշուն։
Հենրիկ Պիպոյան